Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը  հոկտեմբերի 4-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) բարձրաստիճան պատվիրակությանը:

Նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարը շնորհակալություն է հայտնել բանկի ներկայացուցիչներին` ԱԶԲ-ի կողմից Հայսստանում իրականցվող ճանապարհաշինարարական մի շարք ծրագրերի ֆինանսավորման համար:

ԱԶԲ-ի գործադիր տնօրեն Աշոկ Լահիրիի խնդրանքով նախարարը մանրամասն ներկայացրել է «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու եւ «Հյուսիս- հարավ» երկաթուղու կառուցման ծրագրերի ընթացքը: Մ.Վարդանյանը տեղեկացրել է, որ «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի առաջին տրանշի` Երեւան-Աշտարակ 11,71 կմ երկարությամբ գոյություն ունեցող ճանապարհային հատվածի վերակառուցման համար արդեն հայտարարվել է մրցույթ, եւ մինչեւ տարեվերջ շինարարական կազմակերպության հետ կկնքվի համապատասխան պայմանագիր: Զուգահեռ աշխատանքներ են տարվում ծրագրի երկրորդ տրանշի ստացման համար: 

Մ.Վարդանյանն, անդրադառնալով նաեւ մրցույթների անցկացման կարգին, տեղեկացրել է, որ մրցութային հանձնաժողովում արդեն ընդգրկվել է հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, իսկ լրատվամիջոցների մասնակցությամբ ապահովում է դրանց թափանցիկությունը:

Աշոկ Լահիրին գոհունակություն է հայտնել Հայաստանում բանկի կողմից իրականացվող ճանապարհաշինարարական ծրագրերի որակի վերաբերյալ եւ կարեւորել դրանց պահպանումն ու շահագործումը:

Նախարար Մ.Վարդանյանը բանկի ներկայացուցիչներին առաջարկել  է քննարկել նաեւ «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի տարածաշրջանային զարգացման խնդիրը: