ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 3-ին այցելել է Ստեփանակերտի եւ նրա շրջակայքում գտնվող մի շարք օբյեկտներ:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ երկրի ղեկավարն իր այցելությունը սկսել է մայրաքաղաքի պրոթեզաօրթոպեդիկ կենտրոնից, որտեղ ծանոթացել է հաստատության գործունեությանը եւ աշխատանքային պայմաններին: Նա նշել է, որ օրթոպեդիկ կենտրոնի պայմանները շոշափելիորեն տարբերվում են նախկինից, եւ անհրաժեշտ է էլ ավելի բարելավել դրանք:

Այնուհետեւ Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտում կառուցվող թիվ 6 միջնակարգ դպրոց եւ տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքներին: Նա բավարար գնահատելով կատարվող շինարարությունը, միաժամանակ նշել է, որ անհրաժեշտ է արագացնել աշխատանքների տեմպերը:

Նույն օրը Բակո Սահակյանն այցելել է Մեղրագետի վրա կառուցվող հիդրոհանգույց: Նա կարեւորել է այս օբյեկտի շինարարությունը՝ այն համարելով մայրաքաղաք Ստեփանակերտի անխափան ջրամատակարարման ապահովման հանգուցային օղակներից մեկը:

Նշենք, որ ԼՂՀ նախագահին ուղեկցել են վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: