Ամերիկյան Օրեգոնի նահանգից ֆերմերը հեծանվի գողին բռնել է պարանօղակի օգնությամբ, հայտնում է տեղի ոստիկանությունը: Ուրբաթ առավոտ 28-ամյա Ռոբերտ Բորբան, տեղի ԶԼՄ-ների տվյալներով, գնումները տեղավորում էր Walmart խանութի կայանատեղիում կայանած իր մեքենայում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Այդ պահին նա կնոջ ձայն է լսել, որն օգնության էր կանչում: Նրա հեծանիվը փորձում էին գողանալ:
Բորբան գրեթե անմիջապես ցատկել է իր ձիուն, որը կայանատեղիում գտնվող քարշակում էր: Նա հասել է գողին եւ նրա վրա պարանօղակ է նետել: Պարանը բռնել է գողի ոտքերը, եւ նա ընկել է: Հետո Բորբան նրան քարշ է տվել դեպի կայանատեղիի ծայրը եւ ոստիկանություն է կանչել:
Տեղի ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ֆերմերը պարզաբանել է, որ առանց ձիու, չէր կարողանա հասնել գողի հետեւից, որովհետեւ բավականաչափ արագ չի վազում:
Ֆերմերը կանոնավորապես պարանօղակ է օգտագործում գյուղատնտեսության մեջ` կենդանիներին զսպելով դրա օգնությամբ: Կանչով տեղ հասած ոստիկանությունը հայտնաբերել է կապկպված գողին եւ հեծանիվը: Ոստիկանները խոստովանել են, որ առաջին անգամ են տեսնում, որ գողերին որսան պարանօղակի օգնությամբ:




























