Սկանդինավյան SAS ավիաընկերության շվեդ օդաչուները երկարացրել են՝ ուրբաթ երեկոյան աշխատանքային պայմանների հետ արհմիության անհամաձայնության պատճառով սկսած գոծադուլը: Այս մասին հայտնում է ավիաընկերության մամուլի հաղորդագրությւոնը, փոխանցում է Lenta–ն:

«Հունիսի 13-ին չեղարկվելու են 230 չվերթներ, ինչն անդրադառնալու է 27 հազար ուղեւորների վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ: Մամուլի ծառայությունը ճշգրտել է, որ խոսքը միայն այն չվերթների մասին է, որոնք սպասարկում են շվեդ օդաչուները:

Շվեդական արհմիության տվյալներով գործադուլին մասնակցում է 1400 մարդ: Նրանց պահանջներից են մասնավորապես աշխատավարձերի 3.5 տոկոսով բարձրացումը, նաեւ օդաչուների հետ հավաքական պայմանագրերի բարելավումն ու պարզեցումը՝ տարատեսակ մեկնաբանությունների հնարավորությունը բացառելու նպատակով:

Սկանդինավյան ավիաուղիների հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավարը ներողություն է խնդրել SAS –ի բոլոր հաճախորդներից ու ասել, որ իրենք արել են հնարավոր ամե ինչ գործադուլից խուսափելու համար, սակայն այդպես էլ չեն կարողացել համաձայնության գալ:

Ավիաընկերության ներկայացուցիչները խոստանում են իրենց կայքում տեղեկացնել նորությունների մասին, նաեւ էլեկտրոնային փոստի ու ՍՄՍ հաղորդագրությունների միջոցով ուղեւորներին հայտնել փոփոխությունների մասին: