Մալայզիայի քաղաքացիական ավիացիայի դեպարտամենտը դադարեցրել է Rayani Air ավիաընկերության աշխատանքը, որն առաջինն էր, որը շարիաթի կանոններին համապատասխանող չվերթներ էր իրականացնում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Ֆրանս Պրեսս գործակալությանը:
Մալայզիական ավիակարգավորիչը ուղեւորների եւ իշխանությունների բողոքեներից հետո ընթացիկ տարվա ապրիլին հետաքննություն է սկսել Rayani Air-ի նկատմամբ ուշացումների եւ վերջին րոպեին չվերթը չեղյալ համարելու պատճառով: «Գործերի կառավարչության եւ անվտանգության աուդիտի հետաքննությունից հետո» քաղաքացիական ավիացիայի դեպարտամենտը լուծարել է փոխադրողի շահագործման հավաստագիրը: Գերատեսչության ղեկավար Ազհարուդդին Աբդուլա Ռահմանը հայտնել է, որ իշխանությունները որոշում են կայացրել դադարեցնել ավիաընկերության աշխատանքը, որովհետեւ «ավիաոլորտում կարգ ու կանոնը եւ անվտանգությունը առաջնային նշանակություն ունեն»:
Դեկտեմբերին Rayani Air ավիաընկերությունն առաջին չվերթն է իրականացրել, որը լիովին համապատասխանում էր շարիաթի կանոններին: Իսլամական օրենսգրքի համաձայն, ինքնաթիռում միայն հալալ սնունդ էին մատուցում, առանց խոզի մսի եւ ալկոհոլի: Բորտուղեկցորդուհիները պետք է գլխաշոր կրեին եւ անձնակազմի ոչ մահմեդական անդամները պետք է վայելուչ հագնվեին: Այդ ամենից բացի, թռիչքից առաջ, ինքնաթիռում աղոթք էր կատարվում:
Մալայզիայում պետական կրոնն իսլամն է, որը դավանում է նրա 28 միլիոնանոց բնակչության մոտ 60 տոկոսը, սակայն այդ բազմազգ երկրում մահմեդական են առավելապես մալայցիները: Քրիստոնյաները Մալայզիայում ընդամենը 9 տոկոս են, նրանք հիմնականում էթնիկ չինացիներ եւ հնդիկներ են:




























