Իռլանդիայում տարեցտարի ավելի ու ավելի քիչ վայրեր են մնում, որտեղ ծխողները կարող են ազատորեն վայելել իրենց վնասակար սովորույթը: Տարեսկզբից երկրում հերթական «խաչակրաց արշավանքն է» սկսվել: Այս անգամ արգելվել է ծխել մանկական խաղահրապարակներում:
Ըստ ՏԱՍՍ-ի, Institute of Public Health-ի հրապարակած տվյալների համաձայն, տարեսկզբից նման սահմանափակումներ են մտցրել քաղաքների 80%-ում, իսկ կարգը խախտողներին 80-100 եվրոյի չափով տուգանք է սպառնում:
Զեկույցի համաձայն, ծխելու դեմ պայքարում Իռլանդիան Եվրամիության առաջատար պետություններից է: Վերջին տասը տարվա ընթացքում պետական քաղաքականության հետեւանքով ծխողների թիվն այստեղ մեկ երրորդով կրճատվել է:
Ներկայում էլ իռլանդացի պատգամավորներն օրինագիծ են քննարկում, որը նախատեսում է ազգային հակածխախոտային օրենսդրության խստացում: Նախաձեռնության հեղինակներն առաջարկում են ծխախոտ վաճառել միանման տուփերով՝ առանց վառ տարբերանշանների, որոնց վրա միայն ծխելու հետեւանքները պատկերող լուսանկարներ կլինեն:





























