Երեւանի Մոսկվայի տանն սկսվել է «Վերականգնվող էներգետիկայի շաբաթ» միջոցառումների շարքը։ Զուգահեռ անցկացվում են կլոր սեղաններ, քննարկումներ եւ ցուցահանդես։ Մասնակիցների թվում է նաեւ գյուտարար Հենրիկ Մխիթարյանը, որը ցուցահանդեսում առանձին տաղավար է վարձակալել եւ ցուցադրում է իր «հավերժական շարժիչը»։

Նա կասկածի տակ է առել ֆիզիկայի գործող օրենքները եւ ՝ խոստանում է ապահովել ավելի մեծ էլեկտրաէներգիա, քան դա կարող է անել ատոմակայանը։

Սակայն ցուցահանդեսի տաղավարներով շրջող էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը այդ տաղավարին այդպես էլ մոտ չեկավ, իսկ NEWS.am-ի հարցին, թե որքանո՞վ է նախարարությունը լուրջ վերաբերում գյուտարարի առաջարկությանը՝ խուսափողական պատասխան տվեց։ Ըստ նախարարի՝ նախ պետք է եզրակացություն տա գիտխորհուրդը։ «Իհարկե՝ հավերժական շարժիչ չկա, դա հասկանալի է»,-հավելեց նախարարը։