Վերականգնվող էներգետիկան Հայաստանի էներգետիկայի զարգացման կարեւորագույն հիմնաքարերից մեկն է, որը թույլ է տալիս առավելագույն մակարդակի հասցնել էներգետիկ անվտանգության մակարդակը: Այսօր` հոկտեմբերի 5-ին «Վերականգնվող էներգետիկայի շաբաթ» ցուցահանդեսում հայտարարեց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը։ Նրա տեղեկացմամբ, սակայն, Հայաստանում այդ պոտենցիալը բազամազան չէ, հնարավորություններն էլ մեծ չեն, ուստի եղածը պետք է կարողանալ լավագույնս օգտագործել։
Ա. Մովսիսյանը հատկապես կարեւորեց հիդրոպոտենցիալը։ Արդեն գործում են 94 փոքր ՀԷԿ-եր, իսկ 65-ը գտնվում են կառուցման ընթացքում։
Գործող փոքր ՀԷԿ-երը ունեն մոտ 124 ՄՎտ հզորություն եւ այս տարի կարտադրեն մոտ 395 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա, որը էլեկտրաէներգիայի ներքին պահանջարկի մոտ 3 տոկոսն է։ «Առաջիկայում մենք կարող ենք մեր հզորություններն ավելի մեծացնել եւ հասցնել մինչեւ 7-8 տոկոսի»,- հայտարարեց Ա. Մովսիսյանը։
Բացի հիդրոէներգետիկայից՝ կառավարությունը փորձում է զարգացնել նաեւ քամու եւ արեւի էներգետիկան։ Իտալական մի ընկերություն ստացել է 20 ՄՎտ հզորության հողմակայան կառուցելու լիցենզիա, շինարարությունը ընթացքի մեջ է։ «Փորձում ենք զարգացնել արեւային էներգետիկան, որը թանկ հաճույք է, բայց էներգետիկ անվտանգության տեսանկյունից՝ հուսալի։ Սրանով էր պայմանավորված Չինաստանում վարչապետի այցն արեւային մարտկոցներ արտադրող գործարան»,- ասաց Ա. Մովսիսյանը։ Նրա խոսքով՝ աշխարհի որեւէ երկրում արեւային էներգետիկան լուրջ դեր չի խաղում եւ հիմնականում օգտագործվում է լոկալ խնդիրներ լուծելու համար։ «Եթե հնարավոր լինի արեւային էներգետիկան օգտագործել արդյունաբերական նպատակներով, մեծ հեղափոխություն կլինի համաշխարհային էներգետիկ համակարգում»,- հավելեց էներգետիկայի նախարարը։




























