Անհրաժեշտ է պատժել Ադրբեջանի նախագահին եւ բոլոր ղեկավարներին, որոնք պատրաստվում են նոր պատերազմի։ Այս մասին NEWS.am–ի թղթակից հետ զրույցում ասել է գեներալ–լեյտենանտ, ղարաբաղյան պատերազմի մասնակից, հայ քաղաքական եւ ռազմական գործիչ Նորատ Տեր–Գրիգորյանցը։
Նրա խոսքով՝ նրանց պետք է պատասխանատվության կանչել միջազգային դատարանում։ Անդրադառնալով Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպմանը՝ գեներալ–լեյտենանտը նշեց. «Այդ ավազակ Իլհամ Ալիեւի հետ ընդհանրապես ցանկալի չէ հանդիպելը։ Կտրականապես չարժի ձեռք մեկնել թշնամուն, որն ասում է, որ ոչնչացնելու է քեզ։ Ի՞նչ բանակցություններ, ինչի՞ մասին։ Ե՞րբ է Ղարաբաղը պատկանել Ադրբեջանին»։
Թուրքիայի ճնշմամբ եւ զինված ուժերի աջակցությամբ ստեղծվեց Ադրբեջան պետությունը, որտեղ բոլշեւիկների իշխանություն հաստատվեց, ասել է Տեր–Գրիգորյանցը։
«Եվ այդ իշխանությունը 1921-ի հուլիսի 5-ին Խորհրդային Հայաստանից վերցրեց Ղարաբաղն ու տվեց Ադրբեջանին։ Ադրբեջանը մուսավաթական առաջին հանրապետության իրավահաջորդն է, որի ժամանակ Ղարաբաղն առհասարակ Ադրբեջանի կազմում չէր։ Այդ դեպքում ի՞նչ են նրանք ուզում։ Ասում են՝ իրենց հողն է։ Այդ երբվանի՞ց»,– հարցադրում է արել Նորատ Տեր–Գրիգորյանցը։
Նա նշել է, որ հայերը կրակ բացելու կարիք չունեն։ «Մենք տարածք գրավելու կարիք չունենք։ Բոլոր այդ 7 շրջանները Ղարաբաղ են, հնագույն Հայաստան։ Նրանք ինչ է, պատմություն կարդալ չե՞ն կարողանում»,– ասել է Նորատ Տեր–Գրիգորյանցը։
Հիեցնենենք, որ հունիսի 20-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ, իսկ հետո տեղի կունենա Ղարաբաղի հարցով եռակողմ հանդիպում։





























