Ամերիկացի քաղաքական գործիչ, գործարար, Նյու Յորքի նախկին նահանգապետ Ջորջ Փաթաքին վարձով է տալիս հսկայական լողավազանով իր տունը, որը գտնվում է Գուդզոն գետի հովտում։ Առանձնատունը կարելի է վարձակալել ամսական 20 հազար դոլարով, հայտնում է Page Six–ը։

Քաղաքական գործչին պատկանող առանձնատունն ունի 14 ննջարան եւ 8 լոգարան, ընդհանուր առմամբ տանը կա 30 սենյակ։ Տան պատուհաններից բացվում է տեսարան դեպի գետը։ Անշարժ գույքի Zillow բազայում առանձնատունը բնութագրվում է որպես ամառային հանգստի լավագույն վայր՝ շրջանում ամենամեծ լողավազանով։

Ջորջ Փաթաքին Նյու Յորքի նահանգապետի պաշտոնը զբաղեցրել է 1995-2006 թթ.։ 1990-ական թթ. կեսերին նա կարողացավ հասնել նահանգում մահապատժի մասին օրենքի հաստատմանը։ Ավելի ուշ վերաքննիչ դատարանը չեղյալ համարեց այդ որոշումը։ Նյու Յորքում այդպես էլ ոչ  մի մահապատիժ չէր իրականացվել։