Շուրջ 600 լրագրող է հավատարմագրվել լուսաբանելու համար Հռոմի Ֆրանցիսկոս Պապի այցը Հայաստան: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայության Twitter-ի միկրոբլոգից։

Նշենք, որ Գյումրիում Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինի մատուցելիք պատարագին մասնակցելու համար 15 հազար  քաղաքացի է գրանցվել Հայաստանից ու արտերկրից: Հայ կաթողիկե եկեղեցու տեղեկատվական համակարգի պատասխանատու Տեր Հովսեփ քահանա Գալստյանը NEWS.am-ին հայտնել է, որ Հրապարակի կենտրոնական հատվածը բաժանվելու է 5 սեկցիաների ու ամբողջ տարածքը արգալապատնեշվելու է: Դրանից ներս նստելու են նրանք, ովքեր արդեն ձեռք են բերել հրավիրատոմսերը, իսկ մյուսները կարող են արգելապատնեշներից այն կողմից հետեւել` ինչ կատարվում խորանի վրա: Խորանն ունենալու է 26 մետր  երկարություն, 12 մետր բարձրություն:

Հիշեցնենք, որ Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի Հայաստանի Հանրապետություն այցը կմեկնարկի ս.թ. հունիսի 24-ին: Այցի շրջանակներում Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի կունենա պաշտոնական դիմավորման արարողություն, որից հետո Սրբազան Քահանայապետը կմեկնի Մայր Աթոռ Ս. Էջմիածին. Մայր Տաճարում տեղի կունենա Բարիգալստյան` «Հրաշափառի» արարողությունը:

Նույն օրը երեկոյան Սրբազան Քահանայապետը Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում հանդիպում կունենա Նախագահ Սերժ Սարգսյանի, ապա՝ ՀՀ իշխանությունների, հասարակության եւ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ: Այցի առաջին օրը կամփոփվի Մայր Աթոռ Ս. Էջմիածնում կայանալիք Ֆրանցիսկոս Պապի եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիպմամբ: Հունիսի 25-ի առավոտյան Սրբազան Քահանայապետը կայցելի Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր եւ թանգարան:

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն այնուհետեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ կմեկնի Գյումրի, որտեղ Սուրբ եւ Անմահ Պատարագ կմատուցվի Վարդանանց հրապարակում: Գյումրիում Հռոմի Պապը նաեւ կայցելի Անարատ Հղության Հայ քույրերի միաբանության «Տիրամայր Հայաստանի» կուսաստան, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդանիստ Յոթ Վերք Ս. Աստվածածին եկեղեցի եւ Սրբոց Նահատակաց հայ կաթողիկե Մայր Տաճար: Նույն օրը երեկոյան Երեւանում՝ Հանրապետության հրապարակում, տեղի կունենա էկումենիկ արարողություն եւ Խաղաղության Աղոթք:

Հունիսի 26-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Հռոմի Սրբազան Քահանայապետը հանդիպում կունենա Հայ Կաթողիկե եպիսկոպոսների հետ, կմասնակցի Ս. Պատարագի արարողությանը եւ էկումենիկ ճաշկերույթի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու արքեպիսկոպոսների եւ եպիսկոպոսների, Հայ Կաթողիկե արքեպիսկոպոսների եւ եպիսկոպոսների ու պապական պատվիրակության հետ: Ապա Ֆրանցիսկոս Պապը հանդիպում կունենա Հայ Եկեղեցու պատվիրակների եւ բարերարների հետ: Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կստորագրեն Համատեղ հայտարարություն: Հովվապետերը նաեւ աղոթք կմատուցեն Խոր Վիրապի վանքում: Նույն օրը Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը Երեւանից կմեկնի Հռոմ: