Կիրակի մեքսիկական Օահակա նահանգում կրթության ոլորտի աշխատողների եւ ոստիկանության միջեւ բախումների հետեւանքով տուժածների թիվը գերազանցել է 100 մարդը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Ասոշեյթեդ Փրես գործակալությանը:   

Ավելի վաղ հաղորդվել էր երեք մարդու մահվան եւ 45 տուժածի մասին: Բողոքի ակցիաների մասնակիցները նաեւ երկու ուղեւորատար ավտոբուս են այրել Թեուանթեփեքի պարանոցին:   

Բացի այդ, Օահակա նահանգի նահանգապետ Գաբինո Կուեն եւ դաշնային ոստիկանության պետ Էնրիկե Գալինդոն մամուլի ասուլիսին հաստատել են Նոչիստլան քաղաքում կիրակի վեց զոհվածի մասին տեղեկությունը:  Տուժածների թվում 53 խաղաղ բնակիչ կա, դաշնային ոստիկանության 41 աշխատակից եւ նահանգի 14 իրավապահ: Գործակալության տվյալներով, բախումների ընթացքում ցուցարարները քարեր եւ «Մոլոտովի կոկթեյլներ» են նետել:

Ավելի վաղ Մեքսիկայի կառավարությունը հայտարարություն էր հրապարակել, որում հաղորդվում էր դաշնային ոստիկանության աշխատակիցների շրջանում   21 տուժածի մասին, նրանցից երեքը հրազենային վնասվածքներ են ստացել: Հայտարարության մեջ նաեւ ասվում է, թե գործողությանը մասնակցող ոստիկանները զենք չեն ունեցել:  Այնուամենայնիվ, լրագրողների նկարահանած տեսագրության մեջ արձանագրված է, թե ինչպես  է ոստիկանության աշխատակիցներից մեկը մի քանի անգամ ատրճանակով կրակել: Գործակալությունը նշում է, որ հայտնի չէ, թե որ ծառայության աշխատակիցն է երեւում տեսագրությունում: Ավելի ուշ Գալինդոն նշել է, որ միջադեպի վայր մի քանի զինված ոստիկան է ուղարկել, երբ մի քանի իրավապահ է տուժել:   

Մեքսիկացի ուսուցիչները եւ նրանց արհմիությունները վերջին տարիներին հզոր ուժ են դարձել, որը մասնակցում է տարբեր հակակառավարական միջոցառումների: Ուսուցիչները   (իսկ Մեքսիկայում նրանց գրեթե կեսը տղամարդիկ են) բազմիցս գրավել են շրջաններում իշխանության մարմինների շենքերը, դուրս են եկել Մեխիկոյում բազմահազարանոց երթերի եւ նույնիսկ արգելափակել են երկրի մայրաքաղաքի օդանավակայանի աշխատանքը:   

Նրանց բողոքների գլխավոր նպատակը կրթության բերափոխումն էր, որը գործարկել է նախագահ Էնրիկե Պենյա Նիետոն եւ ենթադրում է կրթության ոլորտում աշխատելու իրավունքի նորմերի խստացում: