Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավորները երկրորդ եւ վերջին ընթերցմամբ ընդունել են մի խումբ պատգամավորների հեղինակած «Քրեական օրենսգրքում» փոփոխությունների մասին օրինագիծը:

Բացի այդ, պատգամավորներն ընդունել են նաեւ «Վարչական իրավախախտումների մասին» եւ «Արտոնագրման մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը:

Օրենսդրական նախաձեռնությունների փաթեթի հեղինակներից մեկի՝ դաշնակցական պատգամավոր Արա Նռանյանի խոսքով, ներկայացված փոփոխությունները միտում ունեն խստացնել ապօրինի ձեռնարկատիրական գործունեության համար նխատեսված պատիժները: Նրա կարծիքով, փոփոխությունները նպատակ ունեն կարգավորել առեւտրի ոլորտը եւ բացառել հայկական շուկայում կեղծված ապրանքների հայտնվելը:

Նշենք, որ ապօրինի ձեռնարկատիրության համար տուգանք է գանձվելու պետությանը հասցված վնասը հաշվի առնելով: Բացի այդ, եթե այդ գործունեության ընթացքում մարդուն վնաս կամ մահ է պատճառվել, նախատեսվելու է ազատազրկում մինչեւ 6 տարի ժամանակով: