Գործող օրենսդրության մեջ մտցված եւ հավանության արժանացած փոփոխությունների շնորհիվ այսուհետ բելգիացի ոստիկաններին թույլատրվում է շուրջօրյա հակաահաբեկչական գործողություններ իրականացնել, ներառյալ խուզարկությունները, երկուշաբթի հայտնել է Բելգիայի ներքին գործերի նախարար Յան Յամբոնը: 

«Նախկինում մենք պետք է գործողությունները դադարեցնեինք երեկոյան   9-ին: Այժմ ահաբեկիչները պետք է անհանգիստ լինեն ամբողջ օրվա ընթացքում, որովհետեւ մենք  կարող ենք գործել եւ նրանց ձերբակալել նաեւ գիշերը», — RTBF հեռուստառադիոընկերության եթերում հայտնել է նախարարը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ շաբաթ գիշեր Բելգիայի իրավապահ մարմինները 12 մարդ են ձերբակալել թագավորության տարածքում ահաբեկչական գործողությունների կասկածով: Ձերբակալություններն իրականացվել են լայնածավալ հակաահաբեկչական գործողության շրջանակում խուզարկությունների ընթացքում, որոնք անցկացվել են Բելգիայի տարածքում` տարբեր վայրերում, նախ եւ առաջ Բրյուսելում: Բելգիայի երեք բնակչի ահաբեկչական գործողություն կատարելու, ինչպես նաեւ «ահաբեկչական խմբավորման գործունեությանը մասնակցելու» մեղադրանք է ներկայացվել: Մնացած ձերբակալվածներին հարցաքննությունից հետո բաց են թողել: 

Ահաբեկչական գործողություն կատարելու մեղադրանքով երեք ձերբակալվածից երկուսը էլ-Բաքրաուի եղբայրների  ազգականներն են, որոնք 2016-ի մարտին պայթյուններ էին կազմակերպել Բրյուսելի օդանավակայանում եւ մետրոյում, հայտնում է   RTBF հեռուստառադիոընկերությունը:

Հեռուստաալիքի տվյալներով, 40-ամյա Մուստաֆա Բենհատտալը էլ-Բաքրաուի ահաբեկիչ մահապարտների մոտ ազգականն է, 29-ամյա Ջավադ Բենհատտալը` նրանց զարմիկը: Ձերբակալվածները նախկինում արդեն հայտնի էին ոստիկանությանը եւ գողությունների, զենք պահելու եւ մարդկանց ծեծելու հետ կապված քրեական անցյալ ունեին: 

Հեռուստաալիքը նշում է, որ 2010-ին Ջավադ Բենհատտալը Իբրահիմ էլ-Բաքրաուիի հետ թալանել է ամերիկյան  Western Union ընկերության բաժանմունքներից մեկը, որը մասնագիտանում էր դրամական միջնորդության ծառայություններ տրամադրելու մեջ: Թալանի ընթացքում Իբրահիմ էլ-Բաքրաուին ոստիկանների ուղղությամբ կրակել է Կալաշնիկովի ինքնաձիգից:   

Ակնկալվում է, որ ձերբակալվածները հինգշաբթի կկանգնեն դատական պալատի առջեւ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: