Ստրասբուրգում հունիսի 20-ին մեկնարկում է ԵԽԽՎ ամառային նստաշրջանը, որի գլխավոր խոսնակներն են Հունաստանի եւ Էստոնիայի վարչապետներ Ալեքսիս Ցիպրասն ու Տաավվի Ռայվասը, որոնք նիստերի դահլիճում ելույթով կդիմեն ԵԽԽՎ անդամներին։ Կքննարկվեն նաեւ Թուրքիայում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության հարցը, Հունաստանում փախստականների սպառնալիքները, միգրանտների նկատմամբ բռնությունը, երեխաների սեքսուալացման դեմ պայքարը, ԵՄ ինստիտուտների թափանցիկության հարցը եւ բանակում կանանց դերը, հայտնում է ԵԽԽՎ մամուլի ծառայությունը։
ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հունիսի 20-ին կտա ահաբեկչության դեմ համաեվրոպական պայքարի մեկնարկը՝ #NoHateNoFear։ Վերջնական օրակարգը կընդունվի նստաշրջանի սկզբին։ Պատգամավորները կլսեն ԵԽԽՎ Բյուրոյի եւ Մշտական հանձնաժողովի գործունեության մասին հաշվետվությունն ու ասամբլեայի նախագահի գործունեության մասին միջանկյալ հաշվետվությունը։
Հունիսի 21-ին պլանավորված է ՄԻԵԴ դատավորների ընտրությունը, Հունաստանում փախստականների հարցի քննարկումը, բանակում կանանց խնդիրները։ Հունիսի 22-ին պատգամավորները կլսեն Թուրքիայում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության, վարչական ձերբակալության իրավաչափության մասին զեկույցը, ժողովրդավարության եւ մշակույթի մասին, արտասահմանյան համայնքների հետ կրթական եւ մշակութային կապերի մասին հաշվետվությունը։





























