ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հունիսի 20-ին Ստրաստբուրգում բացված ամառային նստաշրջանի ընթացքում ազդարարել է ահաբեկչության դեմ պայքարի #NoHateNoFear համաեվրոպական նախաձեռնության մեկնարկը:
Հատուկ արարողության ընթացքում խորհրդարանականները կանգնել են #NoHateNoFear ցուցանակներով, որպեսզի ասեն «ոչ» ատելությանն ու վախին: Նրանք նաեւ հայտնել են, որ մտադիր են այս նախաձեռնությունը առաջ մղել իրենց երկրների խորհրդարաններում:
«Ահաբեկչությունը դարձել է իրողություն: Դաժան հարձակումները Ստամբուլում, Բրյուսելում, Թունիսում, Փարիզում ու վերջինը՝ Օռլանդոյում խլել են մեր շատ քաղաքացիների կյանքեր: Այդ ստոր հարձակումները թողել են խորը սպիներ ու տարիներ են պահանջվում, որ դրանք բուժվեն»,- ասել է ԵԽԽՎ նախագահը:
ԵԽԽՎ ղեկավարը քաղաքական գործիչներին կոչ է արել պատասխանատվություն ստանձնել ու հրապարակավ ելույթ ունենալ վախի ու ատելության դեմ, նաեւ աջակցել հիմնական ազատություններին, հանդուրժողականության արժեքներին, եւ մարդկային արժանապատվության հանդեպ հարգանքին:





























