Նախնական տեղեկություններով՝ մայիսին Հայաստանի արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալներն աճել են տարեկան կտրվածքով 9.1 տոկոսով։ Ընդհանուր առմամբ հունվար–մայիսին աճը կազմել է 8.8 տոկոս, ինչը կարելի է ռեկորդային համարել ԵՏՄ երկրների համար։

Այսպես, Ռուսաստանում հունվար–մայիսին արտադրանքի ֆիզիկական ծավալն աճել է ընդամենը 0.1 տոկոսով։ ԵՏՄ մյուս երկրներում անկում է գրանցվել. Բելառուսում՝ 1.9 տոկոսով, Ղազախստանում՝ 2.2 տոկոսով, իսկ Ղրղզստանը հակառեկորդ է սահմանել՝ 25.6 տոկոս։

Հայաստանի արդյունաբերության ցուցանիշում դրական աճին նպաստել է մետաղների արդյունահանման աճը։ Այս ոլորտում մասնակցության մակարդակը հունվար–ապրիլին ընդհանուր տեմպով կազմել է 4 տոկոս։ Սակայն ընդհանուր առմամբ արդյունաբերության ոլորտում իրավիճակը դժվար է միանշանակ գնահատել։

Հունվար–ապրիլ ժամանակահատվածի տվյալներով՝ օգտակար հանածոների հանքահանման գները Հայաստանում նվազել են 15 տոկոսով։ Այդ պատճառով ոլորտի ընկերությունները, փորձելով խուսափել վնասից, կտրուկ մեծացրել են հանքարդյունաբերությունը։ Այսպես՝ մետաղական հանքերի շահագործման ֆիզիկական ծավալները հունվար–ապրիլին տարեկան կտրվածքով աճել է 21.5 տոկոսով։ Հանքահանումը կտրուկ աճել է, բայց դրա իրացումից ստացվող եկամուտը գների անկման պատճառով ավելի քիչ է աճել՝ չհասնելով անգամ 2 տոկոսի։

Հայրենական արտահանման մեջ ավանդաբար առաջատար է «հանքաքար եւ պղնձի խտանյութ» ապրանքային խումբը։ Անցյալ տարի, օրինակ, Հայաստանից արտահանվել է մոտ 236 հազար տոննա այդ հումքից, ինչը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը մոտավորապես 1.7 անգամ։ Արժողությամբ այդ ապրանքների արտահանումը նախորդի մակարդակը գերազանցել է ընդամենը 1.34 անգամ։

Պղնձի համաշխարհային գները վերջին տարիներին հստակ արտահայտված անկման միտում են ունեցել (տե՛ս գրաֆիկը)։ ԱՄՆ դոլարի եւ պղնձի գների միջեւ որոշակի փոխկապակցվածություն կա։ Օրինակ, դոլարի 1–տոկոսանոց թուլացումը պղնձի գինը 1.11 տոկոսով բարձրացնում է մեկ ամսում։

Հայտնի է, որ դոլարի համաշխարհային դիրքերը մեծամասամբ կախված են ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի դրույքի փոփոխություններից։ ԴՊՀ վերջին նիստում որոշում էր կայացվել դրույքը չփոխել։  Բայց մինչեւ տարեվերջ դեռ կա 4 պլանային նիստ, բացառված չէ, որ դրույքը կբարձրացվի։ Այդ ժամանակ հնարավոր է հումքի, այդ թվում՝ մետաղի համաշխարհային գների հերթական անկումը։

Սմբատ Գրիգորյան