Հոկտեմբերի 5-8-ին Հայաստանում մաքսային համակարգում ռիսկերի կառավարման մշակույթի ներդրմանը նվիրված սեմինար կկայանա: Այն կազմակերպել է Համաշխարհային մաքսային կազմակերպությունը /ՀՄԿ/:

Պետեկամուտների մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Ռիսկերի կառավարումը» ՀՄԿ-ի տարածաշրջանային սեմինարներից է, որոնք անցկացվում են աշխարհի 6 տարածաշրջաններում: Եվրոպական տարածաշրջանի  սեմինարը մեր երկրում անցկացնելու գաղափարը ծրագրվել էր դեռեւս անցյալ տարի հոկտեմբերին` ՀՄԿ գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիայի` Հայաստան կատարած այցի ընթացքում:

Մասնակիցները մոտ 20 եվրոպական երկրների ներկայացուցիչներ են: Սեմինարն անցկացնում են Ավստրալիայից եւ Ֆիլանդիայից ժամանած փորձագետները:

Այս առնչությամբ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանն իր ելույթում նշել է, որ ռիսկերի կառավարման արդյունքում հնարավոր է հասնել մաքսային հսկողության եւ առեւտրի պարզեցման միջեւ հավասարակշռության:

Հարցին, թե ո՞ր երկրներն են Հայաստանում առավել ռիսկային համարվում, Գ Խաչատրյանը պատասխանել է. «Մեզ մոտ ռիսկային երկրներ են համարվում Թուրքիան, Չինաստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները. այդ երկրներից տուրիստական բեռների ներկրումն ավելի շատ է ռիսկային գործոն պարունակում. դա վերաբերում է մասնավորապես ներկայացվող հաշիվ-ապրանքագրերին, սակայն հիմնական ապրանքաշրջանառությունը կատարվում է ոչ ռիսկային համարվող երկրների հետ»:

Սեմինարին մասնակցող ՀՄԿ ներկայացուցիչ Ստեֆան Անիշեւսկին, նկատելով, որ բոլոր երկրների համար ռիսկային չափանիշները տարբեր են, նշել է, որ կոնկրետ երկրի համար ռիսկերի ուսումնասիրություն չի կատարվել` այդ թվում Հայաստանում: