Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ հույս ունի մինչեւ 2020 թվականը էական առաջընթաց արձանագրել Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ)   փոխադարձ առեւտրի մեջ գանձումների եւ սահմանափակումների վերացման հարցում:  

«Իհարկե մենք դեռ շատ բան պետք է անենք միության ներսում արգելքները հանելու համար: Այս հնգամյակում պետք է հասնենք պայմանավորվածությունների գործնական իրականացման, ինչպես նաեւ էականորեն առաջ գնանք փոխադարձ առեւտրում մնացած գանձումների եւ սահմանափակումների վերացման գործում», — ասել է նա` չորեքշաբթի Մինսկում ելույթ ունենալով Համաբելառուսական ժողովրդական ժողովին: 

Բելառուսի նախագահը հայտնել է բելառուսական արտահանման դիվերսիֆիկացիայի, իրացման նոր շուկաներ դուրս գալու անհրաժեշտության մասին, սական կոչ է արել միաժամանակ ամրապնդել դիրքերն իրացման ավանդական շուկաներում: 

«Երկրի արտաքին տնտեսական ռազմավարությունն ուղղված կլինի փոխադարձ կապերի ստեղծմանը ինչպես Արեւելքում, այնպես էլ Արեւմուտքում եւ Հարավում: Անհրաժեշտ է առավելագույնս օգտագործել ինտեգրացիոն նախագծերի առավելությունները», — ընդգծել է Լուկաշենկոն: Նա հավելել է, որ խոսքը Բելառուսի եւ Ռուսաստանի Միութենական պետության, ԵԱՏՄ-ի եւ ԱՊՀ-ի մասին է: 

«Բոլոր օբյեկտիվ դժվարությունների հետ մեկտեղ, որոնք կապված են այդ շուկաներում իրավիճակի հետ, մենք պետք է հասկանանք, որ մենք   օտարերկրյա ներդրողների համար հետաքրքիր ենք նաեւ այն բանի շնորհիվ, որ  ազատ մուտք ունենք այդ շուկաներ: Չի կարելի հեռանալ եվրասիական տարածաշրջանից, կորցնելով մեր մերձավոր հարեւանների եւ դաշնակիցների  հետ աշխատանքի առավելությունները», — հայտնել է Լուկաշենկոն: Նա կարծում է, որ «այստեղ առկա են բելառուսական դիրքերն ամրապնդելու հնարավորություններ եւ պետք է օգտագործել դրանք», հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: