Այս տարի սպասվում է ՀՆԱ 3-4 տոկոս աճ՝ կախված վերջին ամիսների տնտեսական զարգացումներից։ Այս մասին այսօր` հոկտեմբերի 6-ին հրավիրած ասուլիսում հայտարարեց ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը:

Նշենք, որ մի քանի օր առաջ Ազգային ժողովին ներկայացրած բյուջետային ուղերձում 2010 թ. ՀՆԱ աճի կանխատեսումը 2,7 տոկոս է։ Կառավարությունը վերանայել է կանխատեսումը, հավանաբար, ԱՄՀ հայաստանյան ներկայացուցիչ Գիլերմո Տոլոսայի վերջին հայտարարությունից հետո, ըստ որի ԱՄՀ-ն Հայաստանում 4 տոկոս աճ է ակնկալում։

Սակայն բոլոր այդ կանխատեսումներն էլ մեթոդաբանական թերություն ունեն, ուստի շատ լուրջ ազդակ չեն կարող հանդիսանալ բիզնես-միջավայրի համար։

Հիշեցնենք, որ 2010 թ. բյուջեի նախագծի հիմքում դրված էր 1,2 տոկոս աճի կանխատեսումը։

2011-ին Կառավարությունն ակնկալում է ՀՆԱ 4,6 տոկոս աճ, որն, ըստ ֆինանսների նախարարի, թույլ կտա գերազանցել նախաճգնաժամային 2008-ի տնտեսական մակարդակը։ Անվանական ՀՆԱ-ն 2011 թ. կլինի 3,76 տրիլիոն դրամ (10 մլրդ դոլարից ավելի), որն էականորեն բարձր է 2008 թ. մակարդակից։