2016 թվականի սկզբից աշխարհի 22 երկրներում 74 լրագրող է սպանվել: Նման տվյալներ է հրապարակել Press Emblem Campaign (PEC) ոչ կառավարական կազմակերպությունը:
«Լրատվամիջոցների աշխատողների համար առավել վտանգավոր պետություններից» են համարվել Աֆղանստանը (10 զոհ վեց ամսում), Սիրիան (9 զոհ), Մեքսիկան (8 զոհ), Իրաքն ու Եմենը ( 7-ական զոհ), Գվատեմալան (5 զոհ), Հնդկաստանը (4), Պակիստանը (4), Թուրքիան (4): Առաջին տասնյակում են նաեւ Ռուսաստանը, Ֆիլիպինները ու Սալվադորը, որտեղ տարեսկզբից երկուական լրագրող է սպանվել:
PEC-ը, որը ստեղծվել է 2004-ին, ՄԱԿ-ին առընթեր խորհրդատվական կարգավիճակ ունի: Վիճակագրությունում, որը վարում է կազմակերպությունը, արտացոլված են լրագրողների սպանությունների բոլոր դեպքերը: PEC-ի համար տեղեկությունների աղբյուր են ծառայում մամուլի, լրագրողական ասոցացիաների ու զանազան կազմակերպությունների՝ այդ թվում ոչ կառավարական կազմակերպություններ հաղորդագրությունները: PEC -ի վիճակագրությունը հաշվի չի առնում մասնավոր հանգամանքներում ու ավիավթարների հետեւանքով զոհվածներին:
Զոհվածների ցուցակը թարմացվում է ամեն ամիս ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի առաջին նստաշրջանից սկսած, որը կայացել է 2006-ին, հայտնում է ՏԱՍՍ-ը:





























