Վերջին 5 տարում Հայաստանում սպառողների ճաշակը բավական լուրջ դրական փոփոխության է ենթարկվել, բայց վաճառքի եւ սպասարկման մասնագիտացած ընկերությունները այս փոփոխոթյունը գրեթե անտեսում են։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց BSC Բիզնեսի Աջակցման Կենտրոնի տնօրեն Սամվել Գեւորգյանը՝ մասնավորեցնելով, որ լայն սպառման ապրանքների վաճառքով զբաղվող խանութներում, ուշադրություն չեն դարձնում սպառողների առարկություններին։
«Հայտնի են դեպքեր, երբ առեւտրի կետերում արտասահմանցիների նկատմամբ ավելի բարեհամբույր են քան տեղական սպառողի, մինչդեռ տեղական սպառողն է, որ խանութի մշտական հաճախորդն է դառնալու, սակայն Հայաստանում հաճախ այս իրողությանը հակառակ տրամաբանություն են կիրառում»,- նշեց բիզնես խորհրդատուն՝ նկատելով, որ շուկայում անընդհատ նոր վաճառքի կետեր են ստողծվում, եւ այսօր սպառողների համար լուրջ պայքար է ընթանում։
«Հայաստանում մինչեւ այսօր առեւտրի սպասարկման որակյալ ծառայություն գրեթե չեն մատուցում, աշխատում են այնպես, ինչպես հարկ են համարում: Հաճախ սպառողը խանութում իր հարցերի ու պահանջների հստակ պատասխաններ չի ստանում: Այդ պատճառով էլ հատուկենտ խանութների է հաջողվում ձեւավորել մշտական հաճախորդների խումբ»,- նկատեց Գեւորգյանը՝ նշելով, որ վիճակի փոփոխության ակնկալիքով իր ղեկավարած կենտրոնը հոկտեմբերի 17-22-ը դասընթացներ է կազմակերպելու։
Ըստ նրա՝ «Վաճառք առանց առարկությունների» դասընթացներում ներգրավել են մասնագետներ Ռուսաստանից, ովքեր հայ գործարարներին ծանոթացնելու են առեւտրի եւ սպասարկման ոլորտի միջազգային միտումներին։
«Վաճառքի նոր մեթոդոլոգիան իսկապես այն ոլորտն է, որում Հայաստանը միջազգային փորձի ձեռքբերման պակաս է զգում»,- նշեց նա՝ հույս հայտնելով, որ բաց եւ կորպորատիվ նշանակության դասընթացները կօգնեն Հայաստանում դրական փոփոխություններ արձանագրել առեւտրի եւ սպասարկման ոլորտներում։




























