Իսպանիայի ոստիկանությունը Բարսելոնում Ուկրաինայի եւ Հայաստանի քաղաքացիների խմբի է ձերբակալել, որոնց կասկածում են Ուկրաինայում անօրինական եղանակով ձեռք բերված փողի լվացման մեջ, գրում է DW-ն:
«Վարիոլա» կոդային անվանմամբ գործողության ընթացքում, որն իրականացվել է երեքշաբթի` հուլիսի 12-ին, 11 մարդ է ձերբակալվել, որոնցից 10-ը Ուկրաինայի քաղաքացիներ են, այդ թվում` Կիեւի նախկին քաղաքապետի որդին` գործարար Ստեպան Չերնովեցկին եւ ճապոնական խոհանոցով Yubari ռեստորանի սեփականատեր, Հայաստանի քաղաքացի Արման Մայիլյանը, DW-ին հայտնել է Իսպանիայի ազգային ոստիկանության (ԻԱՈ) ներկայացուցիչը: Ռեստորանում, ինչպես նաեւ ձերբակալվածների բնակության վայրերում խուզարկություններ են կատարվել: Չեն բացառվում նոր ձերբակալություններ:
ԻԱՈ-ի ներկայացուցիչը նշել է, որ ձերբակալվածները Իսպանիայի հակակոռուպցիոն դատախազության կողմից կասկածվում են մի քանի օրինախախտման մեջ. «կազմակերպված հանցավոր խմբավորմանն անդամակցում, Իսպանիայի տարածքում հանցավոր կերպով ձեռք բերված կապիտալի լվացում, փաստաթղթերի կեղծում, հարկերից խուսափում»: Այնուամենայնիվ, պարզաբանել է ոստիկանը, հիմնական մեղադրանքը անշարժ գույքի եւ օրինական բիզնեսի, այդ թվում` խուզարկությունից հետո փակված Yubari ռեստորանի մեջ ներդնելու միջոցով փողի «լվացումն» է:
ԻԱՈ-ի տվյալներով, կասկածյալները Իսպանիայում առնվազն 10 մլն եվրո են լվացել: Խոսքը գումարների մասին է, որոնք ի սկզբանե Ուկրաինայից դուրս էին բերվել Կիպրոսի եւ Վիրգինյան կղզիների օֆշորային տարածքներ, իսկ այնտեղից Իսպանիա են հասել:
Ոստիկանն իր կարծիքով հետաքրքրաշարժ փաստ է մեջբերել. ճապոնական ռեստորանի աշխատակիցների թվում Ասիայից ոչ մեկը չկար, այլ միայն` Ուկրաինայի քաղաքացիներ: Եվ դա` այն դեպքում, երբ Իսպանիայի, ինչպես նաեւ այլ երկրների նման հաստատություններում անպայման ասիական ծագմամբ խոհարարներ են լինում:
Ոստիկանության ներկայացուցիչը նաեւ նշել է, որ խմբավորման որոշ անդամներ ռուսաստանյան քաղաքացիություն ունեն, սակայն հրաժարվել է անուններ եւ ազգանուններ նշել: Դատարանը կալանք է դրել ձերբակալվածների անշարժ գույքի վրա, որի մի մասը գտնվում է Բարսելոնի առավել համբավավոր շրջանում` Պեդրալվեսում, ինչպես նաեւ բանկային հաշիվների վրա:
Իսպանական ոստիկանությանը հայտնի է, որ Ստեպան Չերնովեցկին Լեոնիդ Չերնովեցկու որդին է, որը 2006-ից 2012 թվականներին զբաղեցրել է Կիեւի քաղաքապետի պաշտոնը: 2014-ին 80 մլն դոլար կարողությամբ նա դասվում էր 100 ամենահարուստ ուկրաինացիների թվին ըստ «Նովոյե վրեմյա» պարբերականի: 2015-ի դեկտեմբերին Չերնովեցկին բիզնեսի կառավարումը որդուն` Ստեպանին է հանձնել:
Ոստիկանությաններկայացուցիչը նաեւ նշել է, որ ներկայիս ձերբակալությունները ոչ մի կերպ կապված չեն հունիսի վերջին Բարսելոնից հեռու` Տարրագոնայի նահանգում Ռուսաստանի հինգ քաղաքացու ձերբակալությանհետ, որոնց կասկածում էին 62 մլն եվրո լվանալու մեջ:




























