Հայաստանն ու Լիտվան կհամագործակցեն կիբեռանվտանգության եւ խաղաղապահության ոլորտներում: Այս մասին նշվել է հուլիսի 12-ին, Լիտվայում, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ Լիտվայի Լիտվայի Ազգային պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասի հանդիպման ժամանակ:
ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում երկու երկրների համագործակցության հեռանկարները, Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում իրականացվող հիմնական ծրագրերը։ Կողմերն անդրադարձել են նաեւ ՀՀ-ԵՄ միջեւ ընթացող բանակցությունների ներկա փուլին՝ մատնանշելով Արեւելյան գործընկերության շրջանակներում ընձեռվող համագործակցային հնարավորությունները։
Երկուստեք կարեւորվել է հայ-լիտվական երկկողմ ռազմական համագործակցության ոլորտում փորձի փոխանակման անհրաժեշտությունը, որի շրջանակներում ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչները կշարունակեն վերապատրաստվել Լիտվայի ռազմաուսումնական հաստատություններում։ Որպես համագործակցության լավ հեռանկարներ ունեցող ոլորտներ են մատնանշվել կիբեռանվտանգությունը եւ խաղաղապահությունը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի եւ Լիտվայի հարակից տարածաշրջաններում անվտանգության հետ կապված խնդիրների, այդ թվում նաեւ արցախյան հակամարտության կարգավորման շուրջ։ Նախարար Օհանյանը ներկայացրել է ապրիլի սկզբին ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Նախարար Օլեկասն իր հերթին մտահոգություն է հայտնել ապրիլին իրավիճակի աննախադեպ սրման կապակցությամբ` ցավակցելով զոհված զինծառայողների ու քաղաքացիական անձանց վերաբերյալ եւ նշել, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։






























