Իսպանիայի ազգային ոստիկանությունն ու Քաղաքացիական գվարդիան բացահայտել են երկրի պատմության մեջ դրամանենգերի խոշորագույն ցանցը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Մուրսիայում խուզարկության ժամանակ առգրավվել է 1.5 մլն եվրո ընդհանուր արժողությամբ թղթադրամ, 23 հազար եվրոյի չափով մետաղադրամ, 70 հազար եվրո չկտրած թղթադրամ, հայտնել է Իսպանիայի Ազգային ոստիկանությունը։ Հայտնաբերվել է նաեւ դրամ հատող սարք։ Բացի այդ, խմբավորումը պատրաստվում էր զբաղվել կեղծ փաստաթղթերի տպագրությամբ։

Հետաքննությունը սկսվել էր այն բանից հետո, երբ հունիսին Մուրսիայում մեծ քանակությամբ կեղծ փողեր էին հայտնվել։ Ձերբակալվել է 7 մարդ, այդ թվում՝ խմբավորման պարագլուխը՝ Խուան Պեդրո Գ.Ս.–ն, որը նախկինում հետախուզվում էր։ Նա համարվում է երկրի խոշորագույն դրամանենգը։ 2005-ին նրան ձերբակալել էին դրամանենգության  կասկածանքով, կալանքի օրդեր էին տվել, սակայն նրան հաջողվել էր փախչել։