Գիտնականները մանրամասներ են բացահայտել Նոր Աշխարհի կապիկների քարե դարի մասին, որը սկսվել է նվազագույնը 700 տարի առաջ: Բրազիլական կապուցինները սովորել են քարե գործիքներով ընկույզ մաքրել, իսկ մարդիկ, հավանաբար, այդ ունակությունը նրանցից են սովորել: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով Current Biology-ն:
Օքսֆորդի համալսարանից Մայքլ Հեսլեմը պեղումներ է կատարել Բրազիլիայի Սերրա դա Կապիվարա ազգային պարկի տարածքում եւ 35 քառակուսի մետր տարածքում 69 քարե զենք հայտնաբերել: Պարզվել է, որ դրանք ստեղծվել են 13-րդ դարում:
Ըստ մասնագետի՝ քիչ հավանական է, որ այդ քարե գործիքները մարդկանց են պատկանել: Նույն պարկի տարածքում հայտնաբերված հնագույն մարդկանց գործիքները բոլորովին այլ տեսք ունեն:
Գիտնականները ենթադրում են, որ ընկույզը քարերով մաքրելու ունակությունը կապուցինները ձեռք են բերել շատ ավելի վաղ: Այդպիսով, ժամանակակից Բրազիլիայի տարածքում հայտնված առաջին մարդիկ կարող էին այդ ունակությունը սովորել կապիկներից, բայց առայժմ սա միայն ենթադրություն է:



























