Գերմանիան մտադիր է իր զինվորականներին հետ կանչել Թուրքիայում Ինջիրլիկի ավիաբազայից, եթե Անկարան գերմանական պատվիրակությանը թույլ չտա այցելել բազա, հայտնել է Գերմանիայի փոխկանցլեր Զիգմար Գաբրիելը: 

«Գերմանիայի բանակը հաշվետու է խորհրդարանին: Եվ եթե պատվիրակությունը  չկարողանա հանդիպել զինվորականներին, դա կնշանակի, որ զինվորները չպետք է մնան այնտեղ  (գերմանացի խորհրդարանականների համար անհասանելի վայրում)», - ասել է Զիգմար Գաբրիելը Mitteldeutsche Zeitung պարբերականին տված հարցազրույցում:

Ինջիրլիկի բազայում Գերմանիայի մոտ 250 զինվորական կա, այնտեղ նաեւ վեց Tornado հետախույզ ինքնաթիռ կա, որոնք մասնակցում են Սիրիայում եւ Իրաքում գործողությանը: 

Հունիսի վերջին Թուրքիան Գերմանիայի պատվիրակությանը, որը գլխավորում էր Գերմանիայի պաշտպանության փոխնախարարը, թույլ չի տվել այցելել Ինջիրլիկի ավիաբազա, որն ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն ուժերի կողմից օգտագործվում է Սիրիայում ԻՊ ծայրահեղական խմբավորման դեմ պայքարի համար:   

Գերմանական Spiegel ամսագիրը` իր աղբյուրներին վկայակոչելով գրել է, որ գերմանական պատվիրակության այցն արգելափակվել է, որովհետեւ հունիսի  2-ին բունդեսթագն աջակցել է Օսմանյան կայսրությունում 1915-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւին, հայտնում է  BBC-ի ռուսական ծառայությունը: