Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Բաքու կատարած այցի ժամանակ հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղում ստատուս քվոն անընդունելի է։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ Պորոշենկոն ասել է, որ Ուկրաինան կտրականապես մերժում է Լեռնային Ղարաբաղում ստատուս քվոյի պահպանումը, հայտնում է haqqin.az–ը։ «Ուկրաինան իր կողմից նշել է Լեռնային Ղարաբաղում ստատուս քվոյի անհնարինությունը եւ մեծ ուրախությամբ է ընդունել Ուկրաինայի տարածքային ամբողջականության հարցում Ադրբեջանի դիրքորոշումը»,– ասել է Պյոտր Պորոշենկոն։
ԱՊԱ գործակալությունն իր հերթին, վկայակոչելով «112 Ուկրաինա» հեռուստաալիքը, հայտնում է, որ Պորոշենկոն ասել է, թե Ուկրաինան չի ընդունի Լեռնային Ղարաբաղի վկայագրերով փաստաթղթերը, եւ ողջունել է Ղրիմի հարցում Ադրբեջանի համանման դիրքորոշումը։
Պորոշենկոն ասել է, որ Ադրբեջանը եւ Ուկրաինան պայմանավորվել են համաձայնեցնել եւ համակարգել իրենց մոտեցումներն ու ընդլայնել բազմակողմանի ձեւաչափում փոխգործակցությունը՝ հաշվի առնելով ՄԱԿ ԱԽ–ում Ուկրաինայի անդամակցությունը։ «Ադրբեջանը ՄԱԿ ԱԽ անդամ է եղել, ակտիվ աջակցել է Ուկրաինային։ Հիմա մենք ընդգծում ենք, որ Ադրբեջանը կարող է հույս դնել Ուկրաինայի վրա 2016-217թթ. ՄԱԿ ԱԽ–ում մեր անդամակցության օրոք»,– ասել է նա։





























