Անգլիայի բանկն առանցքային դրույքաչափը պահպանել է 0.5%-ի մակարդակի վրա՝ չնայած հնարավոր նվազեցման մասին լուրերին: Դրամավարկային քաղաքականության հարցերի հանձնաժողովը ձայների մեծամասնությամբ քվեարկել է դրույքաչափի պահպանման օգտին:

Ըստ BBC-ի, հանձնաժողովի արձանագրությունը, սակայն, ցույց է տալիս, որ անդամների մեծ մասն ակնկալում է, որ բանկն առաջիկա ամսվա ընթացքում դրամավարկային քաղաքականության մեղմացման որոշում կկայացնի:

Բազմաթիվ փորձագետներ եւ ներդրողներ սպասում էին, որ կարգավորող մարմինը կնվազեցնի դրույքաչափը: Փորձագետները համակարծիք են, որ Brexit-ի շուրջ հանրաքվեից հետո Մեծ Բրիտանիային լուրջ տնտեսական անկում է սպասվում:

Անգլիայի բանկի ղեկավար Մարկ Քարնին հանրաքվեից հետո խոստացել էր, որ բանկը կսատարի տնտեսությունը:

Մի շարք տնտեսագետներ ենթադրում են, որ Անգլիայի բանկը կփորձի անկումը կանխել տնտեսության ագրեսիվ դրամային խթանման օգնությամբ:

Անգլիայի բանկի այս նիստի ընթացքում անկման որոշակի նշանների մասին արդեն նշվել է: Օրինակ՝ բիզնեսը ձեռնպահ է մնում ներդրումներից, իսկ անշարժ գույքի շուկան թուլանում է:

Բանկն ակնկալում է, որ առաջիկա ամիսներին երկրի տնտեսությունը կթուլանա: Այստեղ խոստացել են հետեւել տնտեսության իրավիճակին եւ անհրաժեշտ գործողություններ ձեռնարկել: