Լիտվան աջակցում է ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը։ Այս մասին հուլիսի 15-ին՝ Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանի եւ Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչյուսի հետ հանդիպման ժամանակ, ասել է Լինաս Լինկյավիչյուսը։
Լիտվայում ՀՀ դեսպանը հանդիպման ժամանակ ընդգծել է Լիտվայի հետ երկկողմ ձեւաչափով համագործակցության բարձր մակարդակը՝ հավելելով, որ իր առաքելության օրակարգի հիմնական նպատակներից է այն էլ ավելի խորացնելուն եւ զարգացնելուն, Լիտվայում Հայաստանի տեսանելիությունը էլ ավելի բարձրացնելուն ուղղված գործունեությունը: ՀՀ դեսպանը կարեւորել է Լիտվայի հետ բազմակողմ ձեւաչափով փոխգործակցությունն Եվրամիության, ՆԱՏՕ-ի, ԵԱՀԿ-ի եւ այլ միջազգային կառույցների շրջանակներում:
Դեսպան Տիգրան Մկրտչյանը նախարար Լինաս Լինկյավիչյուսին է ներկայացրել ՀՀ-ԵՄ միջեւ բանակցությունների ընթացքը՝ նշելով, որ այդ բանակցությունները կառուցվում են առկա փորձի եւ դրանք խորացնելու երկկողմ պատրաստակամության հիման վրա:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաեւ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը, բանակցությունների վերսկսման համար համապատասխան պայմանների ստեղծման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին։ Նախարար Լինկյավիչյուսը նշել է, որ Լիտվան աջակցում է ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը։





























