Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարությունում հոկտեմբերի 8-ին տեղի է ունեցել «Կատարողականի վրա հիմնված պայմանագրի պատրաստումն ու դերը ճանապարհների կառավարման գործում» թեմայով շնորհանդես:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանից, նախարարության կողմից մշակվել է ճանապարհների պահպանման եւ սպասարկման նոր կարգ եւ 2011 թվականից այն կկիրառվի նոր մրցույթներում: Հաշվի առնելով այս հանգամանքը` նախարար Մանուկ Վարդանյանի առաջարկով բանկը ներկայացրել է շնորհանդեսի նյութը:

Համաշխարհային բանկի Եվրոպայի եւ կենտրոնական Ասիայի տարածաշրջանի տրանսպորտային ոլորտի գլխավոր մասնագետ Բեն Գերիկը մանրամասն ներկայացրել է ճանապարհների կառուցման, պապհանման եւ սպասարկմանն առնչվող սկզբունքները: Նա  նշել է, թե որտեղ է հարմար կիրառել կատարողականի վրա հիմնված պայմանագրերի ձեւերը, ինչպես նաեւ հիմնավորել, թե ինչու է անհրաժեշտ հաշվի  առնել OPRC /արդյունքի եւ կատարողականի վրա հիմնված ճանապարհային պայմանագրեր/ մեթոդը եւ այլն:

Նախարար Մ.Վարդանյանը կարեւորելով շնորհանդեսին ներկայացված նյութերը, հույս է  հայտնել, որ դրանք հնարավորություն կտան հասկանալու, թե ինչ արդյունավետ մեթոդներ կան ճանապարհների պահպանման եւ սպասարկման որակը բարձրացնելու, ինչպես նաեւ ճանապարհաշինարարական կազմակերպությունների հետ աշխատելու համար:

Միջոցառմանը ներկա  են եղել ՀՀ ֆինանսների նախարարության, Համաշխարհային բանկի ներկայացուցիչները: