Պարտադիր ավտոապահովագրական պոլիսների վաճառքը կսկսի հոկտեմբերի 18-ից՝ այս մասին այսօր մամուլի ասուլիսում հայտարարեցին Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը եւ ավտոապահովագրական բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը։ Վերջնականապես հաստատվել են նաեւ ապահովագրական վճարների սակագները։ Այն տատանվելու է 19-110 հազ. դրամի (մոտ 52-305 դոլար) սահմաններում։
Ըստ Վ. Գաբրիելյանի՝ «ամենատիպային» դեպքում, երբ մեքենան ռուսական արտադրության է, իսկ վարորդն ունի 3 տարուց ավելի վարորդական ստաժ եւ 23 տարեկանից բարձր է, ապահովագրական վճարը կկազմի տարեկան 32 հազ. դրամ (88 դոլար)։
Ապահովագրական ընկերությունները առայժմ կիրառելու են 5 ռիսկային գործոններ՝ տրանսպորտային միջոցի տեսակը, օգտագործման նպատակը, վարորդի տարիքն ու ստաժը, եւ շարժիչի հզորությունը։ Սա նշանակում է, որ որքան մեքենան հզոր շարժիչ ունի, ապահովագրական վճարը մեծ կլինի։ Ամենաբարձ վճարը կկիրառվի այն դեպքում, երբ, օրինակ, «Համերը» օգտագործվի որպես տաքսի։ Որպես ռիսկային գործոն հաշվի չի առնվելու մեքենայի տարիքը, թեեւ վթարների մեծ մասը տեղի է ունենում հենց հին մեքենաների պատճառով։ Վ. Ավետիսյանը սա բացատրեց այն հանգամանքով, որ հին մեքենաների տերերը հիմնականում սոցիալապես անապահով խավն են ներկայացնում, հետեւաբար՝ նման գործակից կիրառելու դեպքում նրանք բոլորը կսկսեին բարձր վճարներ վճարել։ Ընդհանրապես՝ այս նախագծի հեղինակները պնդում են, որ ավտոապահովագրությունը Հայաստանում սոցիալական ուղղվածություն ունի։





























