ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանից հավաստիացում է խնդրել առ այն, որ Հայաստանում լրագրողների իրավունքները եւ անվտանգությունը քաղաքացիական անկարգությունների ժամանակ պաշտպանված լինեն։

ԵԱՀԿ մամուլի ծառայության փոխանցմամբ, Միյատովիչը Էդվարդ Նալբանդյանին ուղղած իր նամակում մասնավորապես նշել է.

«Կառավարությունը պետք է գործուն քայլեր ձեռնարկի, որ իրավապահ մարմինները զսպավածություն ցուցաբերեն մամուլի ներկայացուցիչների նկատմամբ եւ իշխանության կողմից համապատասխան քայլեր պետք է ձեռնարկվեն երաշխավորելու այն, որ մամուլը չթիրախավորվի ոստիկանության կամ ավազակների կողմից: Ոստիկանությունը պետք է պաշտպանի լրագրողներին եւ մեդիայի ներկայացուցիչներին»:

Դունյա Միյատովիչը նաեւ հրապարակել է Սարի թաղում ցուցարարներին ուժով ցրելիս ոստիկանության եւ մետաղե ձողերով քաղաքացիական անձանց հարձակումներից տուժած լրագրողների  ցուցակը։