Ռուսաստանի փոխվարչապետ, ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը Euromoney ամսագրի կողմից ստացել է «2010 թ. աշխարհի լավագույն ֆինանսների նախարար» մրցանակը։

Ամսագիրը նշել է Կուդրինի ջանքերի հաջողությունը նավթի վաճառքից ստացվող շահույթների պահպանման խնդրում, ինչպես նաեւ Կայունացման ֆոնդի միջոցների խելամիտ օգտագործումը։ Euromoney-ն նշում է, որ Կուդրինն իր գործունեության ընթացքում ստիպված է եղել հաղթահարել լուրջ քաղաքական ճնշումներ, սակայն կարողացել է Ռուսաստանին դուրս բերել ճգնաժամից ավելի հաջող, քան սպասվում էր։

Ալ. Կուդրինը ֆինանսների նախարար է 2000 թվականից։ The Banker ամսագիրը 2004 թ. նրան ճանաչել է աշխարհի լավագույն ֆինանսների նախարար։ 2006 թ. Emerging Markets ամսագիրը Կուդրինին անվանել է զարգացող երկրների լավագույն ֆինանսների նախարար։