«Հայ-վրացական սահմանի հստակեցման հարցում դեռ որւէ նորություն չկա: Սահմանազատման հանձնաժողովը դեռ իր աշխատանքները չի ավարտել»,- այսօր NEWS.am-ի թղթակի հետ զրույցում նշեց ԱԳՆ մամուլի եւ լրատվության վարչության պետ Տիգրան Բալայանը:
Հիշեցնենք, որ դեռ նախորդ շաբաթ հայ-վրացական սահմանի Շիրակի մարզի որոշ հատվածներում վրացի սահմանապահները մի քանի տասնյակ մետր առաջ են եկել, մտել հայկական տարածքներ և հայ գյուղացիներին, ովքեր ունեն այդ հողերի սեփականության իրավունքի վկայականներ, արգելում են մշակել հողը: Ներկայումս խնդիրը բավականին սրված է Բավրա գյուղի շրջանում, որտեղ գյուղացիներն այժմ զրկված են սեփական մոտ 3 կմ երկարությամբ եւ 408 մետր լայնությամբ հողատարածքները մտնելու հնարավորությունից:
Ընդ որում, վրացական կողմը հայտարարել է, որ իբր գոյություն ունի 1947 թվականի մի պայմանագիր, համաձայն որի՝ նշյալ տարածքը պատկանում է Վրաստանին: Օգոստոսի 27-ին այս հարցը քննարկվել է ՀՀ կառավարությունում` փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի մոտ, որին մասնակցել է նաեւ Բավրայի գյուղապետ Կորյուն Սումբուլյանը:




























