«Սասնա ծռերին» օժանդակելու մեղադրանքով կալանավորված «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի ընկերներն ու հարազատներն այսօր՝ օգոստոսի 11-ին, Երեւանի Ազատության հրապարակում նրան ազատ արձակելու պահանջով բողոքի ակցիա իրականացրին:
NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է, որ ի պաշտպանություն «Սասնա ծռերի» ամենօրյա հավաքից առաջ Կարո Եղնուկյանի հարազատները Օպերայի շենքի աստիճաններին են կանգնել Կարո Եղնուկյանի լուսանկարներով եւ «Ազատություն հայրիկիս, «Հայրենասեր, ոչ հանցագործ» կարգախոսով պաստառներով:
Կարո Եղնուկյանի դուստրը՝ Էլմոն Եղնուկյանը, հայտարարեց, որ ամեն ինչ անելու են, մինչեւ վերջ պայքարելու են՝ Կարո Եղնուկյանին ազատ արձակելու համար:
Կարո Եղնուկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-218-րդ եւ 38-219-րդ հոդվածներով՝ պատանդ վերցնելուն, շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելուն աջակցելու համար:
Նշենք, որ Կարո Եղնուկյանը ձերբակալվել է հուլիսի 19-ին: Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն էր իրականացրել Կարո Եղնուկյանի եւ նրա կնոջ մոր բնակարաններում, երկու մեքենաներում, ավտոտնակում, որից հետո Եղնուկյանը բերման էր ենթարկվել եւ ձերբակալվել։





























