Հայաստանում ուսումը կիսատ թողած աշակերտների աճ է նկատվում: Եթե 2013-2014թթ. Հանրապետությունում ուսումը կիսատ է թողել 250 աշակերտ, ապա 2014-2015թթ.՝ 302 աշակերտ:

Այսպիսով, ըստ Կրթության եւ գիտության նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) հրապարակած վիճակագրական տվյալների՝ նախորդ տարի սոցիալական վատ պայմանների պատճառով դպրոցից հեռացել է 191 աշակերտ, որից 67՝ աղջիկ: 87 աշակերտի ծնողները թույլ չեն տվել շարունակել ուսումը, 3-ը լսողական խնդիրներ են ունեցել, 2-ը՝ տեսողական, 5-ը՝ մտավոր թերզարգացում: Անչափահաս վեց տղա ուսումը չի շարունակել, քանի որ տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: 8 աշակերտ նախորդ տարի մահացել է:

Նշենք, որ 2013-2014 ուսումնական տարվա տվյալների համաձայն, աշակերտներից 143-ն ուսումը կիսատ է թողել սոցիալական վատ պայմանների պատճառով, 59-ին՝ ծնողները թույլ չեն տվել շարունակել ուսումը, 1-ն ունեցել է լսողական խնդիր, 3-ը՝ հենաշարժողականը, 5-ը՝ մտավոր թերզարգացում, 3-ը՝ բազմահաշմանդամություն, 5-ը մահացել են: Նշված ուսումնական տարում 25 տղա ուսումը չի շարունակել, քանի որ տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: