Ապրիլյան պատերազմը հստակեցրեց մի կարեւոր հանգամանք`  Հայաստանը մոտեցել է ազգային անվտանգության այն կարմիր գծին, որի հատումն անդառնալի է Հայաստանի եւ  հայ ժողովրդի համար: Այս մասին այսօր` օգոստոսի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Համախմբում» կուսակցության վարչության անդամ, նախկին ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռուբեն Կարապետյանը:

«Ապրիլյան պատերազմը նաեւ բացահայտեց շատ խնդիրներ: Այսօր բոլորս պետք է հետեւյալ հարցին պատասխանենք`ինչու մենք եկանք մոտեցանք այս կարմիր գծին եւ ինչ պետք է անել այդ անդունդի մեջ չհայտնվելու համար: Սրա պատճառը ստեղծված խորը անվստահությունն է տարբեր ոլորտներում: Ունենք զրոյից ցածր վստահության մակարդակ իշխանությունների նկատմամբ, ունենք ներազգային անվստահության մթնոլորտ գրեթե բոլոր մակարդակներում: Նման անվստահության մթնոլորտում դժվար է արտաքին եւ ներքին քաղաքականության մեջ հաջողություններ արձանագրել»,-ասաց նա:

Ռուբեն Կարապետյանը նշեց, որ կարեւոր է նաեւ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում երկու պետությունների միջեւ կապը, որը չկա:

«Երբ Հայաստանն ու Ադրբեջանը միասին չեն խոսում որեւէ մակարդակում` փակուղի ենք մտնում: Ոչ հասարակության, ոչ իշխանության շրջանում որեւէ ուղիղ կապ չկա Ադրբեջանի հետ: Պատերազմի ժամանակ, անգամ զինվորական հրամանատարույթունը ուղիղ, անմիջական կապի մեջ են եղել: Երկու երկրները իրար կողքի պետք է շարունակեն ապրել, բայց այն իրավիճակը, երբ ոչ մի մակարդակով չենք կարողանում այդ կապը պահպանել, կարող է հանգեցնել բացասական լուծման: Վերջին հաշվով ղարաբաղյան հարցը լուծվելու է երկու ժողովուրդների փոխհամաձայնությամբ: Այդ կապի չլինելն հասցրել է մի իրավիճակի, երբ հայ կամ ադրբեջանցի երիտասարդները վախենում են մնալ նույն սենյակում` իրար կսպանեն, կծեծեն…»,-ասաց նա:

Ռուբեն Կարապետյանը նշեց, որ ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի իշխանությունները որեւէ եզրահանգման չեկան, կրկին շարունակվում է այն քաղաքականությունը, որը կար մինչեւ քառօրյա պատերազմը. «Մեր իշխանությունները վատթարագույնի ընտրության առջեւ են կանգնած, կարծում եմ, որ իրական պատերազմի վտանգի առջեւ ենք կանգնած»: