Թուրքիան խոստացել է ուսումնասիրել Սիրիայի հետ սահմանին միջազգային վերահսկողության հաստատման հարցը: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:  

«ՄԱԿ ԱԽ-ն բանաձեւ է ընդունել մեր թիվ 2165 նախաձեռնության հիման վրա, որում ասվում է մարդասիրական օգնության առաքման նկատմամբ վերահսկողություն հաստատելու անհրաժեշտության մասին, մասնավորապես` Թուրքիայից այսպես կոչվող Կաստելլո ճանապարհին: Եվ թուրքական կառավարության համաձայնությամբ այդ բանաձեւում նշվել են թուրքական տարածքում երկու հսկիչ-անցակետերը, որտեղ ՄԱԿ-ի աշխատակիցները պետք է մոնիտորինգային ներկայություն հաստատեն: Նման կետերից մեկում ՄԱԿ-ի աշխատակիցներն արդեն տեղակայվել են, երկրորդ կետը մինչ օրս բացված չէ», — ասել է Լավրովը ԳԴՀ-ի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ բանակցությունների արդյունքում: 

Նրա խոսքով, Թուրքիան եւ Ռուսաստանը հասկանում են Սիրիայի հետ սահմանին վերահսկողություն իրականացնելու համար լրացուցիչ միջոցներ ձեռք առնելու անհրաժեշտությունը: