ՀԱՊԿ անդամ երկրների Պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստն առաջարկել են անցկացնել Երեւանում հոկտեմբերին՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի նախօրեին։ Այս մասին օգոստոսի 16-ին՝ ՀԱՊԿ անդամ երկրների Պաշտպանության նախարարների խորհրդի նիստից հետո, լրագրողներին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

Նախարարի խոսքով՝ ՀԱՊԿ անդամ երկրների Պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստն անցել է ՀՀ նախագահությամբ։ «Մեր հանդիպումների ձեւաչափը յուրահատուկ հնարավորություն է ներկայացնում արդիական հարցերը քննարկելու համար՝ հաշվի առնելով ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում, այդ թվում՝ Կովկասում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, ինչպես նաեւ սահմանել Կազմակերպության ռազմական բաղադրիչի զարգացման հետագա աշխատանքները, ինչն էլ մենք արեցինք՝ դիտարկելով օրակարգի հացերը»,– ասել է Օհանյանը։

Նախարարը նշեց, որ հարցերի մի մասը վերաբերել են հավաքական ռազմական շինարարությանը եւ ռազմատեխնիկական համագործակցության արդյունավետության բարձրացմանը, անդամ երկրների զինված ուժերի համագործակցության կատարելագործմանը եւ ՀՕՊ ոլորտում բազային գիտահետազոտական կազմակերպությունների ստեղծմանը։