«Դատապարտյալների հիվանդանոցում» գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի պաշտպան Հայարփի Սարգսյանն իր պաշտպանյալին քաղաքացիական հիվանդանոցում վիրահատելու պահանջով դիմում է ուղարկել ՀՀ Առողջապահության եւ Արդարադատության նախարարություններ, ՄԻՊ եւ ՔԿՀ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 16-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայարփի Սարգսյանը: Փաստաբանը նշեց, որ իր դիմումով պահանջում է, որպեսզի Հովհաննեսին վիրահատության ենթարկեն Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում:
«Աջ ոտքի երկու հրազենային վիրավորում ունի, իսկ սրունքի հատվածում փամփուշտը պայթել էր ոտքի մեջ եւ այդ հատվածն այժ անհրաժեշտ է պրոթեզավորել: Կասկածում եմ, որ «Դատապարտյալների հիվանդանոցում» անհրաժեշտ բուժսարքավորումներ կան՝ նրան այնտեղ վիրահատելու համար: Եթե Հովհաննեսին այնտեղ վիրահատեն եւ նրա առողջության հետ կապված բարդություններ առաջանան՝ ողջ պատասխանատվությունը կկրեն համապատասխան մարմինները»,-ասաց փաստաբանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հովհաննես Հարությունյանին այս շաբաթվա ընթացքում կվիրահատեն:
Նշենք, որ Հովհաննես Հարությունյանը վիրավորվել էր հուլիսի 26-ին եւ տեղափոխվել հիվանդանոց: Հովհաննեսին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, ինչպես նաեւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:





























