Թուրքիայի գլխավոր դատախազությունը երկու ցմահ ազատազրկում եւ 1900 տարվա բանտարկություն է պահանջել քարոզիչ Ֆեթհուլլա Գյուլենի համար, որին Անկարան մեղադրում է հեղաշրջման փորձ կազմակերպելու համար, հայտնում է Anadolu-ն:
Քրեական գործը հարուցվել է 2015 թվականի սեպտեմբերին` Գկուլենի կազմակերպության ֆինանսական գործունեության հետ կապված: Ավելի քան 2,5 հազար էջ ծավալով գործը երեքշաբթի փոխանցվել է երկրի Գերագույն քրեական դատարան:
Ընդհանուր առմամբ գործով 111 մարդ է անցնում: Նրանց, ի թիվս այլ բաների, մեղադրում են ահաբեկչության ֆինանսավորման եւ վարչակարգը տապալելու փորձի համար:
Հուլիսի 16-ի գիշերը Թուրքիայում զինվորականները պետական հեղաշրջման անհաջող փորձ էին ձեռնարկել: Երկրի իշխանությունները Գյուլենին մեղադրել են հեղաշրջման փորձի համար եւ ԱՄՆ-ից նրա արտահանձնումն են պահանջել: Ինքը` Գյուլենը, այն ժամանակ դատապարտել էր ապստամբությունը եւ հայտնել էր դրան անմասն լինելու մասին:





























