Ռուսաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուի եւ Զաքիր Հասանովի՝ Բաքվում կայացած հանդիպման ընթացքում այլ հարցերի թվում, մասնավորապես՝ Կասպիցում հավաքական անվտանգության համակարգի ստեղծման մասին, քննարկվել է նաեւ Ադրբեջանին մատակարարվող սպառազինության նոմենկլատուրայի փոփոխության հարցը: Այս մասին «Իզվեստիա»-ին հայտնել է ռազմա-դիվանագիտական շրջանակների քաջատեղյակ աղբյուրը:
Աղբյուրի խոսքով՝ Բաքու կատարած այցի ընթացքում Սերգեյ Շոյգուն հանրապետության ղեկավարությանն է փոխանցել ՌԴ ռազմական գերատեսչության առաջարկների փաթեթը եւ ստացել է ադրբեջանական կողմի առաջարկները: Այժմ կողմերը պետք է համաձայնեցնեն իրենց դիրքորոշումները: «Իզվեստիա»-ի աղբյուրն ասել է, որ խոսքը խոշոր պայմանագրի մասնակի վերանայման մասին է, որը ստորագրվել է մի քանի տարի առաջ:
«Սպառազինության արտահանում» ամսագրի գլխավոր խմբագիր Անդրեյ Ֆրոլովը նշել է, որ այսօրվա դրությամբ գոյություն ունի պայմանագրի որոշակի ընդհանուր գումար, որի շրջանակում ադրբեջանցիները ցանկանում են հրաժարվել նախկինում հանաձայնեցված որոշ մատակարարումներից՝ դրանք այլ տեսականիով փոխարինելու համար:
«Հնարավոր է՝ խոսքը ռազմամթերքի մասին է (օրինակ՝ «Սմերչ»-ի համար) Ղարաբաղում իրավիճակի լարվածության ժամանակ սպառածի փոխարեն, քանի որ դա առավել հրատապ է, քան ծանր համակարգերի գնումը»,- ենթադրում է ռազմական փորձագետը՝ շարունակելով. «Նրանք նաեւ կարող են հրաժարվել ԲՄՊ-3-ից. դա ամենանախընտրելի տեխնիկան չէ ռազմական գործողությունների կոնկրետ թատերաբեմի պայմաններում: Դրանք կարող են փախարինել հարվածային համակարգերով՝ նոր «Սմերչ» կամ «Մստա» ինքնաշարժ հրետանային կայանքներ: Ադրբեջանցիները կարող են լրացուցիչ Մի-35 ուղղաթիռներ գնել: Բաքուն կարող է նաեւ շահագրգռված լինել «Պանցիր» զենիթահրթիռային համալիրների գնմամբ, որոնք շատ արդյունավետ են անօդաչուների եւ օպերատիվ-մարտավարական հրթիռների դեմ»:





























