Մոսկվայից օգոստոսի 12-ին Երեւան տեղափոխված երեխան, որից մայրը հրաժարվել է, ունի մանկական ուղեղային կաթված: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Երեւանի «Մանկան տան» տնօրեն Լիանա Կարապետյանը:

«Երեխան Մոսկվայում վիրահատվել է, բազմաթիվ առողջական խնդիրներ ունի, մանկական ուղեղային կաթվածով է տառապում»,- ասաց նա:

«Մանկան տան» տնօրենի խոսքով՝ 4 ամսական տղայի վիճակը բավարար է:

Ավելի վաղ ոստիկանության լրատվական ծառայությունը հայտնել էր, որ Հայաստանի մի քաղաքացի դիմել էր ՌԴ պատկան մարմիններին եւ հրաժարվել իր երեխայի հետագա խնամքից: Օգոստոսի 12-ին երեխան տեղափոխվել է Հայաստան: