Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը եւ ՀԱՊԿ-ին ոչ մի կերպ հիմնավորված չէ: Օգոստոսի 19-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահի տեղակալ Արմեն Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանը արմատական փոփոխությունների կարիք ունի՝ ուղղված ինքնիշխանության վերականգնմանը: «Հայաստանը բոլոր լիազորությունները փոխանցել է Ռուսաստանին, այս իրավիճակը պետք է փոխվի: Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին եւ ՀԱՊԿ-ին ոչ մի կերպ հիմնավորված չէ: ՀԱՊԿ-ը չի հանդիսանում Հայաստանի անվտանգության երաշխավորը, մեր երկիրը պետք է իր անվտանգությունը դիվերսիֆիկացնի»,- ընդգծել է արեւմտամետ ընդդիմադիրը:

Շարունակելով՝ նա նշել է, որ ժողովրդի պայքարը չպետք է ընդհատվի, այլ ակտիվանա: «Փոփոխությունների համար անհրաժեշտ պայմանը իշխանափոխությունն է: Նոր Սահմանադրություն է անհրաժեշտ, քանի որ ներկայիս կեղծվածը չի համապատասխանում ժողովրդի պահանջին»,- ասել է Արմեն Մարտիրոսյանը: