Հայաստանի կենտրոնական բանկի խորհուրդն այսօրվա` հոկտեմբերի 12-ի նիստում անփոփոխ թողեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 7,25 տոկոս։ Սեպտեմբերին գնաճը (12 ամսյա կտրվածքով) կազմել է 8,6 տոկոս, որը զգալիորեն բարձր է օրենքով նախատեսված 4+-1,5 տոկոս միջակայքից։ Սակայն օգոստոսի համեմատ սեպտեմբերին արձանագրվել է 0,2 տոկոս գնանկում, ինչը ԿԲ-ին հույսեր է ներշնչել, թե նվազման միտումը կպահպանվի առաջիկայում, եւ տարեւերջին գնաճը կգտնվի օրենքով սահմանված միջակայքին մոտ։ Որեւէ այլ լուրջ փաստարկ չի բերվում գների անկումը հիմնավորելու համար։ Պատահական չէ, որ ԿԲ-ն պարբերաբար սխալվում է գնաճի իր կանխատեսումներում։
Ի դեպ՝ ԿԲ-ն իր պաշտոնական հաղորդագրություններում «օրենքով սահմանված» արտահայտության փոխարեն մշտապես օգտագործում է «նպատակային միջակայք» արտահայտությունը՝ խուսափելով, այսպիսով, բարձր գնաճի պարագայում իրավական հետեւանքներից ու պատասխանատվությունից։





























