«Սասնա ծռեր» խմբի կալանավորված անդամ Գեւորգ Իրիցյանի խափանման միջոցը փոխելու՝ նրա պաշտպանի միջնորդությունը այսօր՝ օգստոսի 24-ին հետաձգվել է վերաքննիչ քրեական դատարանում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպան Արա Զաքարյանը:

Փաստաբանը տեղեկացրեց, որ նիստը հետաձգվել է երկու պատճառով. Նիստին չի ներկայացել դատախազը, բացի այդ, ինքը միջնորդել է, որ նիստին ներկա գտնվի նաեւ Գեւորգ Իրիցյանը:

«Դատախազն արդեն երկրորդ անգամ է, որ չի ներկայանում: Եթե ծանուցումն ստանում է ու չի գալիս, նշանակում է այս գործով ասելիք չունի»,-նշեց փաստաբանը

Պաշտպանը նշեց նաեւ, որ անհիմն է իր պաշտպանյալի դեմ առաջադրված՝ պատանդ վերցնելու մեղադրանքը, քանի որ այդ ժամանակ նա արդեն վիրավորված է եղել եւ շտապօգնությունը եկել է իր համար:

Բողոքի քննությունը կկայանա երեքշաբթի՝ օգոստոսի 30-ին, որին ներկա կլինի նաեւգեւորգ Իրիցյանը:

Նշենք, որ Գեւորգ Իրիցյանը Ջավախքի Ախալցխա քաղաքի բնակիչ է, նա հուլիսի 16-ին Երեւան էր եկել տարեց մորը տեսակցելու, իսկ հուլիսի 17-ին «Սասնա ծռերի» մյուս անդամների հետ գնացել է ոստիկանության ՊՊԾ գունդը գրոհելու:

Գեւորգ Իրիցյանը   ՊՊԾ գնդի տարածքում փոխհրաձգության ժամանակ ազդրի  շրջանում հրազենային վնասվածք էր ստացել:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել) եւ 218-րդ մասով  (պատանդ վերցնելը):