Ամերիկահայ կազմակերպությունների հետ իր ունեցած խորհրդակցությունների շրջանակում,  Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը հոկտեմբեր 12-ին Գլենդելում հանդիպել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության  (ՍԴՀԿ) Արեւմտյան Ամերիկայի Վարիչ Մարմնի պատվիրակության հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել Հայաստանում ժողովրդավարության վերահաստատման, Արցախի հարցի լուծման եւ հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցերի շուրջ:

Հնչակյան ներկայացուցիչները հայտնել են, որ, որպես ամերիկահայեր ԱՄՆ կառավարությունից ակնկալում են ավելի խստապահանջ կեցվածք` Հայաստանում ժողովրդավարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ, առաջին հերթին պահանջելով քաղաքական բանտարկյալների անհապաղ ազատ արձակումը:

Պատուիրակության անդամները կարեւորել են Հայաստանի մեջ ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների կայացումը, որն անկարելի է առանց ազատ հեռուստաընկերությունների գոյության: Հետեւաբար, մինչեւ առաջիկա խորհրդարանական ընտրությունները «Ա1+»  անկախ հեռուստաընկերության եթեր վերադարձը խիստ անհրաժեշտ է:

ՍԴՀԿ ներկայացուցիչները նաեւ տարակուսանք են հայտնել, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն, անցյալ հունիսին Երեւան կատարած իր այցելության ժամանակ հանդիպում չունեցավ ընդդիմադիր ներկայացուցիչների հետ, թյուր տպավորություն ստեղծելով ե’ւ իշխանությունների եւ ընդդիմադիր հասարակության մոտ:

Այս հարցերի շուրջ դեսպան Յովանովիչը տվել է սպառիչ պատասխաններ, հատկապես հայտնելով, որ ԱՄՆ-ը Հայաստանում ժողովրդավարության հաստատման հարցում հետեւողական է եւ շատ ավելին է անում, քան հայտնի է հանրությանը:

Արցախի հարցի լուծման նպատակով ներկայացվող առաջարկների կապակցությամբ` պատվիրակությունը դեսպանի ուշադրությունը հրավիրեց նրա վրա, որ նախապատվությունը պետք է տրվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքին: Այս առումով, Արցախի ներկայացուցիչների վերադարձը բանակցությունների սեղան անհրաժեշտ է:

Հայ-թուրքական հարաբերությունների ներկա հանգրվանի վերաբերյալ պատվիրակության անդամները մատնանշել են թուրքական իշխանությունների անազնիվ եւ անլուրջ մոտեցումը հարաբերությունների կարգավորման գործընթացում, որն ավելի է խորացնում անվստահության մթնոլորտը:

Հնչակյանները նշել են, որ երկու ժողովուրդների միջեւ առկա խնդիրների լուծման ամենաարդյունավետ միջոցը` Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն է:

Իր հերթին, դեսպան Մարի Յովանովիչը հայտնել է, որ ԱՄՆ-ը քաջալերում է  Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկխոսութեան շարունակումն առանց նախապայմանների:

Վերջում դեսպան Յովանովիչը հետաքրքրվել է նաեւ Հնչակյան կուսակցության ընդհանուր գործունեությամբ եւ բարձր գնահատել կուսակցության վերջին տասնամյակի հետեւողական կեցվածքը Հայաստանում ժողովրդավարական արժեքների հաստատման գործում: