Հայաստանի ինտերնետային շուկայի առաջատարներից մեկին՝ «Յուքոմ» ընկերությանը կառավարությունը 2009 թվականի հոկտեմբերի 15-ի որոշմամբ հարկային արտոնություն էր տրամադրել։ Ընկերությունը ներդրումային ծրագրի շրջանակներում 300 մլն դրամը գերազանցող ապրանքներ է ներմուծում, որի համար կառավարությունը թույլ է տվել 3 տարով հետաձգել ավելացված արժեքի հարկի վճարումը։ Սույն որոշումից հետո անցել է 1 տարի, եւ պարզվել է, որ կառավարության որոշումը կազմվել է տպագրական սխալներով՝ մի շարք հոդվածներում մեկական զրո պակաս է նշվել։ «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը NEWS.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց, որ սխալի պատճառը իրենց բիզնես-ծրագրում տեղ գտած վրիպակն էր։
Կառավարությունը հոկտեմբերի 14-ի նիստում ստիպված է լինելու ընդունել մեկ այլ որոշում, որով կուղղվեն սույն տպագրական սխալները։ Իսկ անցած մեկ տարում, ներդրումային ծրագրի շրջանակներում, «Յուքոմ» ընկերության կողմից արդեն իսկ իրականացվել է մոտ 1.92 մլրդ. դրամի (5,3 մլն դոլար) ներդրում, նախատեսված 3.9 մլրդ. դրամի (մոտ 10,7 մլն դոլար) փոխարեն, 700 մուտքերի փոխարեն ապահովվել է ինտերնետ հասանելիությունը մոտ 2700 մուտքերում։ Ներկայումս ընկերությունում աշխատում է 164 մարդ: Հ. Եսայանի խոսքով՝ իրենք ավարտել են ներդրումային ծրագրի առաջին փուլը, եւ ձեռնամուխ են եղել երկրորդին։




























