Աժ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը NEWS.am–ի հետ զրույցում իր տարակուսանքն է հայտնել Հայ ազգային կոնգրեսի այն պնդումների վերաբերյալ, որ 4+4+4 ձեւաչափով ձեռք բերված համաձայնագրի տապալման պատասխանատվությունը մնում է իշխանությունների վրա։

«Չեմ հասկանում՝ որ մասով է պատասխանատու իշխանությունը կամ որ մասով է դա մնում իշխանության վրա, բայց այն հայտարարությունը, որի տակ ստորագրել ենք, օրենքի տեսքով կյանքի է կոչվում, էնտեղ հստակ գրված է՝ եթե լինի հստակ ֆինանսական միջոցներ եւ տեխնիկական ապահովվածության հետ կապված միջազգային փորձագետների երաշխիքներ, կիրագործվի։ Այսինքն, ստացվում է՝ ֆինանսավորումը կար, փորձագետներն ու կազմակերպությունները ասել են՝ մենք կարող ենք այդ ժամանակահատվածում իրականացնել, մենք էլ ասել ենք՝ չէ՞։ Համաձայնագրի տապալումը կամ փակուղի մտնելը իշխանությունից եւ ընդդիմությունից չէ կախված»,–ասել է ՀՀԿ–ական պատգամավորը։

Պատգամավորը նշել է, որ այլընտրանքի շուրջ քննարկումների երկրոդ փուլին ընդառաջ Կոնգրեսի այսօրվա հայտարարության վերաբերյալ դիրքորոշում կհայտնեն մի քանի օրից, երբ սկսվեն այդ քննարկումները։ 

«Պետք է եւս երկու օր համբերել եւ սպասել մինչեւ որ ամբողջ քննարկումները ընդդիմության հետ լինեն, հասկանանք՝ ինչպես կարող ենք գալ ընդհանուր եզրահանգման։ Այս պահին դժվար է գնահատականներ տալ Կոնգրեսի հայտարարությանը»։

Հիշեցնենք, որ այսօր ՀԱԿ–ը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ներկայացրել է այն պայմանները, որոնց կատարման դեպքում պատրաստ է Ընտրական օրենսգրքի շուրջ նոր համաձայնագիր ստորագրել.

1. Քաղաքական ուժերի միջեւ կնքված Համաձայնագրի չկատարման եւ Ընտրական օրենսգրքով սահմանված ընտրական գործընթացի օրինականության վերահսկման մեխանիզմների չկիրառման ողջ պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի իշխանությունների վրա:

2. Կոնգրեսը նոր Համաձայնագրի ստորագրումը հնարավոր է համարում միայն այն դեպքում, եթե համաձայնության առարկա դառնա ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության վերջին տասներեք տարիների գլխավոր պահանջի անվերապահ կատարումը, այն է՝ ընտրություններին մասնակցած անձանց ստորագրված ցուցակների պաշտոնական հրապարակումը: Ընդ որում, պետք է վերականգնվի ընտրացուցակներում ընտրողների ստորագրության պահանջը, ընտրացուցակները պետք է սքանավորվեն եւ ներբեռնման հնարավորությամբ պաշտոնապես հրապարակվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքէջում:

3. Ընտրողների կողմից ստորագրված ցուցակների պաշտոնական հրապարակումից բացի, պետք է նաեւ սահմանվեն ընտրությունների արդյունքների բողոքարկման ժամկետների երկարաձգում, բողոքարկման նոր մեխանիզմների կիրառում եւ ընտրակեղծարարության համար պատասխանատվության խստացում այնպես, ինչպես ընդունելի կլինի 4+4+4 ձեւաչափի մասնակից քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար:

4. Բացի այդ, առաջին Համաձայնագրում նախատեսված կարգով պետք է նախատեսվի ընտրական տեղամասերում քվեարկության եւ քվեարկության արդյունքների ամփոփման ողջ գործընթացի տեսանկարահանում ինտերնետային կապով ապահովված տեսախցիկներով եւ հատուկ ստեղծված կայքի(երի) միջոցով գործընթացի ուղիղ հեռարձակում: Տեսախցիկների տեսադաշտում պետք է լինեն քվեատուփը, ընտրողների գրանցման եւ քվեարկության ծրարների, քվեաթերթիկների հատկացման, ինչպես նաեւ քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացը, տեղամասային կենտրոնն ու դրա մուտքը՝ մինչեւ 50մ շառավղով:

5. Նույնպես առաջին համաձայնագրում նախատեսված կարգով դոնոր կազմակերպությունների փորձագետների միջոցով պետք է աուդիտի ենթարկվի ընտրությանը մասնակցելու իրավունք տվող ID-ների եւ անձնագրերի ամբողջ շտեմարանը: